«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն Արցախի հետպատերազմյան հիմնախնդիրների լուծմանը միտված համակարգ է, որի մարդասիրական առաքելությունն է վերականգնել Արցախի վնասված սոցիալտնտեսական իրականությունը, ինչպես նաև օգնել տեղահանված  մեր  հայրենակիցներին  կառուցել իրենց ապագան Արցախում՝ ընդգրկելով նրանց Արցախի զարգացմանն ուղղված իրատեսական և նորարական տարբեր ծրագրերում։

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են բարձր տեխնոլոգիաների կրթական ծրագրերի կազմակերպում ու ներդնում Արցախի տնտեսության զարգացման գործում, բիզնես գաղափարների ֆինանսական աջակցություն, ինչպես նաև շահույթ չհետապնդող ու պետական ծրագրերի իրականացում։

Հիմնադրամի գաղափարը կյանքի է կոչվում ahimnadram.com հարթակի միջոցով, որտեղ ներկայացված նախագծերին ֆինանսապես կամ նյութապես կարող են աջակցել ինչպես աշխարհասփյուռ մեր հայրենակիցները, այնպես էլ այլազգի ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Արցախի տնտեսության վերականգման ու շենացման և հայ ժողովրդի ապահով ապագայի կառուցման գործում՝ խուսափելով Արցախի հայաթափումից։

2020 թվականի Արցախյան պատերազմի ծանր կորուստներից հետո ժամանակն է միահամուռ ուժերով ոտքի կանգնեցնել վիրավոր Արցախը և օգնել իր զավակներին արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում։